Վ. Ալազանը (Գաբուզյան) ծնվել է 1903 թվականին Վասպուրական աշխարհի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։
Վահրամը անձամբ տեսավ և ապրեց հայոց ցեղասպանության ողբերգությունը, տեղահանության սարսափները, գաղթի ճանապարհին կորցրեց ծնողներին, մի կերպ հասավ Երևան և ապաստան գտավ որբանոցում։ Այստեղ նա ուսմանը զուգընթաց, մասնագիտացավ գրաշարության մեջ։
1918 թվականին Վահրամը «Ուրարտու» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, 1921 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝ լույս են տեսնում նրա բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներն ու ակնարկները, այս անգամ արդեն «Ալազան» ստորագրությամբ։ 1922 թվականին հրատարակվում է գրողի անդրանիկ գիրքը՝ «Տարիների խաղը» պոեմը։ Այս տարիներին Ալազանը ակտիվորեն մասնակցում է գրական ու քաղաքական կյանքին։ Եղել է «Ավանգարդ» թերթի հիմնադիրներից մեկը (1922), «Տպագրական բանվոր» բազմատիրաժ լրագրի խմբագիրը (1922-1930), Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի նախագահ (1923-32), Հայաստանի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ (1923-36), Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը (1933-1936), «Գրական թերթի» խմբագիրը (1932-36)։ Վ. Ալազանին բախտ է վիճակվել մասնակցելու 1935 թվականին Փարիզում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Բանաստեղծի սիրտը» և «Հյուսիսային աստղ» գրքերը։
Ալազանը հետևելով Եղիշե Չարենցի հայտնի պատգամին՝ «թե ուզում ես երգըդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», արձագանքում է ժամանակի ոգուն, ժողովրդի կյանքին, օրվա հուզող ու հրատապ հարցերին։ Տարբեր տարիների իր բազմաժանր ստեղծագործություններում Ալազանն անդրադարձել է ժամանակի ամենահիմնական երևույթներին՝ սկսած ազատության համար պայքարի հերոսական դրվագներից, նոր մշակույթ ստեղծելու ծրագրային խնդիրներից մինչև Հայրենական մեծ պատերազմը և ետպատերազմյան խաղաղ շինարարությունը։
Ալազանի «Մաքառումներ» (1933), «Բանաստեղծի սիրտը» (1954), «Հորիզոններ» (1957) գրքերում ամփոփված ստեղծագործությունները լավագույն նմուշներ են հայ չափածոյի մեջ։
1934-ին հրատարակվում է Ալազանի «Վաթսուներորդ հորիզոնում» վեպը, որը հայ արձակի լավագույն նմուշներից է։
«Հյուսիսային աստղ» ստեղծագործությունը պատկերում է հյուսիսում գտնվող ապակու գործարանի բանվորության հերոսական աշխատանքը։ «Հյուսիսային աստղ» վեպը անթերի գործ է և թարգմանվել է ռուսերեն։
Վ. Ալազանը հեղինակ է նաև բազմաթիվ քաղաքական-հրապարակախոսական, գրաքննադատական արժեքավոր հոդվածների։ Նա Վ. Նորենցի հետ կազմել, խմբագրել, հրատարակել է Մ. Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, «Արևմտահայ բանաստեղծներ» հատընտիրը, Պետրոս Դուրյանի «Տաղերը»։
Գրական անունը
Գրական գործունեության առաջին տարիներին ստորագրել է Հորձանք և Վ. Անողոք ծածկանուններով: Հետո հարմար գրական անուն որոնելիս` մտաբերել է տարիներ առաջ ընթերցած Գևորգ Բաշինջաղյանի «Ալազանի դաշտավայրում» խորագրով հոդվածը: Նրան դուր է եկել Ալազան անունը, որը դարձել է նրա գրական անունը։